Հայաստանի երեխաների 37.3 տոկոսն աղքատ է

11 ամյա Մարիամիկը, ի տարբերություն իր շատ հասակակիցների, չի երազում փափուկ խաղալիքների, «Բարբի» տիկնիկի, համակարգչային մանկական խաղերի մասին. Մարիամիկն ուզում է տաք հագուստ, ձմեռային տաք կոշիկ ունենալ, երազում է մանդարինի ու խտացրած կաթի մասին: Այնպես չէ, որ նա մանդարին ընդհանրապես չի կերել, տարին 1-2 անգամ նրա մայրը՝ տիկին Ռուզանը, ճիշտ է, պարտքով, բայց գնում է:

13.7 քմ տարածքում, մի փոքրիկ սենյակում է ապրում Մարիամիկի 4 անձից բաղկացած ընտանիքը՝ ինքն ու մայրը, քույրը, եւ քրոջ դուստրը՝ 6 ամյա Լիլիթը:

Այս ընտանիքն ապրում է, ավելի ճիշտ կլինի ասել՝ յոլա է գնում 42 հազար դրամով, ինչպես տիկին Ռուզանն է ասում՝ աղքատության նպաստն ու հաշմանդամության թոշակը միասին: Գումարը հենց ստանում է, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմում է տիկին Ռուզանը, ձեթ, կարտոֆիլ, մակարոն է գնում, մի քիչ էլ պարտքատերերին է տալիս, ու վերջանում է փողը, մեկ էլ՝ նորից նոր պարտք անում. ասում է՝ լավ է, որ պարտք տվող էլ կա: Միսը, քաղցրավենիքը, պանիրը, մրգերն այս ընտանիքի համար կրկին երազանք են. «Չէ, ի՞նչ եք ասում, տարին մեկ՝ Նոր Տարուն ենք միս ուտում, տոլմա եմ սարքում: Մրգերն էլ՝ ես իմ է»,- չի կարողանում շարունակել խոսքը, տիկին Ռուզանը գլուխը կախում է, որ արցունքները չնկատեմ… մի քանի րոպե լռությունից հետո ասում է՝ «Ես ու Մարիամիկս անապահովների ճաշարանից ենք օգտվում, 2 հատ հաց են տալիս, բերում ենք տուն, մեկ-մեկ էլ, որ խնձոր են տալիս, էլի բերում ենք տուն, 4 մասի բաժանում ու ուտում»: Ինքը տիկին Ռուզանը չի աշխատում, ասում է՝ ամեն րոպե կարող է էպիլեպսիկ նոպաները սկսվեն, իսկ մեծ դստեր մասին էլ խուսափում է խոսել, հաշմանդամություն ունի, չի կարող աշխատել, բայց չի էլ կարողանում համապատասխան մարմնի դիմել, որպեսզի կարգ ու թոշակ ստանա. «Հենց իրա հաշմանդամության անունը լսում է՝ կատաղում, նյարդայնանում է, ես էլ չեմ շարունակում»:

Տիկինն ասում է, դեռ բախտը բերել է, որ բարի մարդկանց է հանդիպում. իրենց բակ գյուղմթերքներ վաճառող ամուսիններ են գալիս, պարտքով կաղամբ, գազար, կանաչի ու էլի մի քանի մթերք են տալիս:

«Ցրտերն ընկան, էրեխեքս ձմեռային կոշիկ ու շոր չունեն, եղածը կարկատան եմ անում: Չգիտեմ ինչ անեմ, էս փոքրերը (ցույց է տալիս աղջկան ու թոռանը) հո մեղավոր չեն, որ աղքատության մեջ են ապրում: Գոնե աստված իրենց համար մի դուռ բացի, դուրս գան էս աղքատության միջից»,- ասում է տիկին Ռուզանը: Մարիամիկն ու իր քրոջ դուստրը՝ 6 ամյա Լիլիթն իրենց տարիքի համեմատ շատ փոքր են երեւում. նիհար, կարճահասակ: «Բժիշկներն ասում են վիտամինի պակաս ունեն, դե որ սնունդով չեմ կարողանում լրացնել էդ պակասը, հաբեր էր նշանակել, մի քիչ առա՝ խմեցին, հիմա՝ փող չունեմ»,- պատմում է Ռուզանը:

Հանրակացարանային շենքի 2-րդ հարկի մի ծայրում նեղլիկ, հազիվ կես մետր հատվածում մի լվացարան է, որին կիպ կպած մաշված, հակահիգենիկ զուգարանն է, դուռ էլ՝ չկա. տիկին Ռուզանի ընտանիքի սանհանգույցն է, ասում է՝ տաշտը դնում է արագ-արագ փոքրիկներին լողացնում, այն էլ՝ ոչ ամեն օր, հիմա, որ ցրտել է, ավելի ուշ-ուշ է լողացնում փոքրիկներին, հանկարծ չմրսեն՝ հիվանդանան:

Տիկին Ռուզանի խոսքերով՝ «Գոնե էս մի փոքր սենյակը կարողանամ սեփականաշնորհել, մոտ 40 հազար դրամ ա, ինձ համար հսկայական գումար է, մի անգամ նախկին վարչապետը մեզ այցելել է, իմացավ խնդիրների մասին, ասեց՝ մի բան կանենք, բայց գնաց ու մոռացավ»:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ տարիներ առաջ կենսապահովման նվազագույն զամբյուղի, եւ պարենային զամբյուղի չափը որոշվել է. այն ամեն եռամսյակ հրապարակվում է. «Մեկ ամսվա պարենային զամբյուղը 46.624 դրամ է՝ մեկ անձին, իսկ պարենայինը՝ փոփոխվում է սեզոնով, այս եռամսյակ՝ 56.600 դրամ է՝ մեկ շնչին: Ծայրահեղ աղքատ է այն անձը, որի եկամուտը չի գերազանցում 22.993 դրամը. սա Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ է»: Այսինքն՝ տիկին Ռուզանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ ծայրահեղ աղքատ է: Ռուզանը մեզ հետ զրուցելուց հետո, ծանոթացրեց նաեւ իր հարեւանների հետ, որոնց եւս կարելի է համարել ծայրահեղ աղքատ: Վարդաշենի 6-րդ փողոցի 68 ա շենքին մոտենալուն պես աչք է ծակում շենքի խղճուկ տեսքը. բնակիչներն ասում են՝ դե բոլորս էլ անապահով ենք, մեկը՝ շատ, մեկը՝ քիչ: Թեեւ այս բնակիչները հազիվ են ծայրը՝ ծայրին հասցնում, բայց միշտ իրար օգնում են. ասենք՝ մի աման տաք ապուր, մակարոն, հաց են իրար տալիս:

75 ամյա Ռիմա Կեսոյանի ընտանիքն էլ 4 անձից է բաղկացած՝ ինքը, թոռը, թոռան կինն ու նրանց 4 ամյա Ռոբերտը: 4 հոգով ապրում են տատիկի կենսաթոշակով ու ընտանեկան նպաստով՝ 45 հազար դրամով: Հարսը, մինչ փոքրիկի ծնվելը, ռեստորանում էր աշխատում, էլի՝ լավից-վատից ապրում էին, տիկին Ռիմայի 31ամյա թոռն էլ ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս աշխատանքի՝ եթե բնակարանների վերանորոգման գործ է լինում: «Ախր թոռս էլ հիվանդ է, գնում ա գործի, մեկ էլ՝ վատացած հետ ա գալիս, ճնշումը միանգամից բարձրանում ա, թուլանում, ընկնում ա, ու տենց օրերով, ամսով կարա աշխատանք չունենա: Ինքն էլ մի քիչ հոգեկան պրոբլեմներ ունի, ներվայնանում ա, որ չի կարում ընտանիքը պահի, ու տենց ներվայնացած ուզում ա ինքն իրան փռթի: Ասում եմ՝ գոնե ինքը հաշմանդամության կարգ ստանա, էլի փող կստանա, բայց պիտի գնա Ավանի հոգեբուժարանում պառկի, չի գնում, ասում ա՝ գնամ գժվեմ, տամ մեկին սպանե՞մ: Ես խելագարվում եմ, էս 4 ամսական էրեխեն մենակ արհեստական կեր ա ուտում, մի տուփը 6 հազար դրամ ա, 4 օր ա հերիքում, ես հիվանդ հաշմանդամ կին եմ, ո՛չ կարամ էրեխուն տիրություն անեմ՝ հարսս աշխատի, ոչ էլ ես կարամ աշխատեմ: Ամեն օր աստծուն խնդրում եմ, մի ճար անի: Մենք շնից վատ են ապրում, շունը գոնե դրսում ուտելու մի բան գտնում է»,-անդադար լաց լինելով պատմում է տիկին Ռիման: Ասում է՝ օրերով սոված են մնում, եղած 45 հազար դրամը, որ օրը ստանում է, նույն օրն էլ վերջանում է: Թոռան՝ Ռոբերտի համար կաթնախառնուրդը մոտակա դեղատնից պարտքով են վերցնում, իսկ փոքրիկի հագուստն էլ, ինչպես այս տարեց կինն ասաց՝ բարի մարդիկ են տվել: Չնայած, որ տանը փոքրիկ կա, այս ընտանիքը խնայում է էլեկտրաէներգիայի ծախսը. տիկին Կեսոյանն ասում է՝ միայն երեխային լողացնելուց են սենյակը տաքացնում:

Հաճախ կիսակուշտ, պարբերաբար վիտամիններով հարուստ սննդից զուրկ, աղքատ պայմաններում են մեծանում 5 ամյա Հեղինեն ու նրա եղբայրը՝ 3-ամյա Լեւոնը: Մեր այցելության պահին նրանք քնած էին. նրանց տատը՝ տիկին Հասմիկը խնդրեց չզարթնացնեմ նրանց. քնելով գոնե ստամոքսներին կխաբեն:

Փոքրիկներն իրենց մոր հետ ապրում են տատիկի փոքրիկ, խոնավ, ճաքճքված պատերով նկուղային սենյակում: 3 ամյա Լեւոնը, տատի պատմելով՝ շնչուղիների խնդիր ունի, իսկ նրա քույրը՝ երիկամների: «Բժիշկներն ասել են, որ փայտի վառարան չվառեմ, Լեւոնին վնաս է, ո՞նց չվառեմ, բա ինչո՞վ էս նկուղը տաքացնեմ, բժիշկներն ասում են, որ իրան հակացուցված է խոնավ սենյակը, պիտի շատ լավ սնունդ ստանան էրեխեքը, հա, բայց ճարներս՝ ի՞նչ»,- պատմում է տիկին Հասմիկը: Այս ընտանիքի հիմնական եկամուտը 52 հազար դրամ է՝ ընտանեկան նպաստն ու տատի թոշակը, մայրն էլ երբեմն սգո պսակի պատվեր է ունենում, ու գոնե իրենց ծայրահեղ աղքատ չեն համարում, յոլա գնում են:

Համաշխարհային բանկի աջակցությամբ օրերս ԱՎԾ-ն հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը- 2013 թվականին» ամենամյա զեկույցը, որի «Մանկական աղքատությունը» գլխում գրված է. «Մինչեւ 18 տարեկան երեխաների 3.3%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 37.3%-ն՝ աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ է Հայաստանի բնակչության 2.7.0%-ը, իսկ աղքատ՝ 32.0%-ը»: Ըստ զեկույցի, երեխաներն ավելի խոցելի են եւ՛ ընդհանուր, եւ՛ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ՀՀ բնակչությունն ամբողջությամբ վերցված: Մանկական աղքատության մեջ աղքատ է աղջիկների 39.2%-ը, իսկ տղաների՝ 35.7%-ը (բոլոր երեխաների 37.3%-ը): Քաղաքային բնակավայրերի երեխաների 3.8%-ը ծայրահեղ աղքատ է ապրում, իսկ գյուղական բնակավայրերի երեխաների՝ 2.4%-ը: Մանկական աղքատությունն, ըստ զեկույցի, 2013-ին ավելացել է 2008 թվականի համեմատ: Նկատենք, որ 2012-ի համեմատ, պաշտոնական տվյալներով, 2013-ի աղքատությունը նվազել է ընդամենը 0.4%-ով:

ԱՎԾ-ն հաշվարկել է, թե որքան գումար է անհրաժեշտ աղքատությունը վերացնելու համար. ԱՎԾ-ի մասնագետ Դիանա Մարտիրոսովան ասում է՝ հարկավոր է 83.9 միլիարդ դրամ,ՀՆԱ-ի 2%-ը, իսկ ծայրահեղ աղքատություն չունենալու համար պետք է 2.7 միլիարդ դրամ. «Համաշխարհային բանկն այս ցուցանիշներն ուսումնասիրել է եւ պարզել, որ իրականում այդ գումարներն աղքատներին հասցնելու համար նշված թիվը կրկնապատկվում է, նույնիսկ՝ եռապատկվում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Աղբյուրը՝ aravot.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Экономические новости Армении
  • Союз Промышленников и Предпринимателей (Работодателей) Армении
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Международная туристическая выставка In Tour Expo-
DELTA BETA NETWORK®
AllAboutNews.org ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Центр здоровья - All About Delta Beta - PR managment Портал женских новостей Женский журнал «СИЛА ПРИТЯЖЕНИЯ»